Հայ հեղափոխական դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևերի նախաձեռնությամբ այսօր Երևանում բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության դիմաց։
Ցուցարարները դեմ են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր զիջումներին։
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանից ցուցարարները պահանջում են հանդես չգալ բոլոր հայերի անունից, քանի որ նրանք նրան մանդատ չեն տվել հայտարարելու, որ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը:
Կառավարության շենքի մոտ ցուցարարները դիմեցին վարչապետ Փաշինյանին։ Մասնավորապես, նրանք պահանջեցին հրապարակել Հայաստանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ հինգ նախապայմաններին, որոնք առաջադրվել էին խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Ցուցարարները «նվերներ» ունեին նախարարի և վարչապետի համար։ Նրանք Միրզոյանին հողաթափեր, ինչպես նաև լողազգեստ նվիրեցին, որ Թուրքիայում ծով մտնի։ Բացի այդ, տվեցին նաև գլխարկ և արևային ակնոց, որպեսզի բանակցելիս վարդագույն ակնոց չդնի։ Փաշինյանի «գազ» գրությամբ խողովակ նվիրեցին՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ։