ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Չի կարելի թույլ տալ, որ ընթացիկ դժվարությունները հաղթահարվեն գների աճի հաշվին։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության նիստի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Միշուստինն ընդգծել է, որ պետք է առավել ուշադիր հետևել ապրանքների արժեքների դինամիկային, որոնք միշտ պետք է հասանելի լինեն մարդկանց։
Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը կքննարկի սոցիալական ապահովության վճարներն ավելացնելու հնարավորությունը: Այսպես, աշխատանքի և ֆինանսների նախարարություններին արդեն հանձնարարվել է ներկայացնել նպաստների, թոշակների, բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի հնարավոր բարձրացման չափերը։
Բացի այդ, զբաղվածության աջակցության համար կառավարությունը ձեռնարկություններին 40 մլրդ ռուբլի օգնություն կտրամադրի:
Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվում են մարտի 18-ից, ինչը կարևոր է երկրների առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության համար: Նրա խոսքով՝ այդ որոշումը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Արևմուտքի կողմից պատժամիջոցային ճնշումը։