ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Միաժամանակ ՔԿ–ն տեղեկացնում է, որ Շահինյանի դեմ քրգործ էր հարուցվել և նրան մեղադրանք առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հողվածի 2-րդ մասով (երկու դրվագ):
Նշվում է, որ նա 2005-2007թթ.զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքն ուղիղ վաճառքով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայության «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրենին՝ իր սանիկին:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարն «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Թբիլիսյան 3/3 հասցեի 2734.6 քմ. մակերեսով շենք-շինությունները կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 29 800 000 դրամով, օտարել է իր հորը: Հետագայում հիշյալ անշարժ գույքը բաժանվել է 2 գույքային միավորների և բարձր արժեքներով օտարվել այլ անձանց:
Նախաքննության ընթացքում Շահինյանը դիմում է ներկայացրել և խնդրել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով:
Համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով վնաս պատճառելու դեպքերով Երևանը քրգործով ճանաչվել է տուժող, իսկ 450 մլն դրամի չափով՝ քաղաքացիական հայցվոր:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ Երևանին պատճառված վնասը վերականգնելու մասով ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։