ՌԱԴԻՈ

Այս նախագիծը նպաստում է երկրից արտահանման գործընթացը հեշտացնելուն. Ազատ Թովմասյան

Volterman ընկերության հիմնադիր Ազատ Թովմասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի` մինչև 1 մլն դրամ արժողությամբ ապրանքների արտահանումը չի հարկվի։
Sputnik
Հարցը վերաբերում է ոչ միայն պետտուրքին, այլև կողմնակի այլ ծառայություններից օգտվելու դիմաց նախատեսված վճարումներին, հետևաբար նշված օրենքի փոփոխությունը տալիս է այն էֆեկտը, որ մինչև 1 մլն դրամ արժողությամբ ապրանք արտահանելու դեպքում գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով, ինչից շնորհիվ մաքսային բրոքերական ծառայության կարիք չի լինի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Volterman ընկերության հիմնադիր Ազատ Թովմասյանը։
«Նախկինում մինչև 100 հազար դրամի չափով արտահանվող ապրանքի արժեքը մաքսային ձևակերպման ամբողջական ընթացակարգով էր անցնում, այսինքն` մաքսային ձևակերպման համար ընկերությունը պարտադիր պետք է վարձեր բրոքեր, վճարեր 30-35 հազար դրամ, ապրանքների առանձնահատկություններից ելնելով` պետք է տարատեսակ սերտիֆիկատներ, փաստաթղթեր ներկայացներ, որպեսզի մաքսային ձևակերպումն իրականանար և ինքը ստանար արտահանման թույլտվություն, իսկ 101 հազար և ավել գումարի չափով ապրանք արտահանելու դեպքում ընկերությունը պետք է ծախսեր երկու շաբաթ, որպեսզի փաստաթղթերը ներկայացներ և կատարեր անհրաժեշտ վճարումները»–նշեց գործարարը։
Թովմասյանի դիտարկմամբ` տվյալ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ տարատեսակ փաստաթղթերի, սերտիֆիկատների, թույլտվությունների մասով որևէ գանձում չի լինի, ինչն ուղղակիորեն կազդի առաջին հերթին արտահանման գործընթացի ժամկետների վրա, այսինքն` առցանց գնումների դեպքում մեկ–երկու ժամ անց կամ հաջորդ օրը կարելի է ապրանքը տալ բեռնափոխադրող ընկերությանը և ունենալ ապրանքային համարանիշը, որն անհրաժեշտ է տալ կոնկրետ գնորդին։
«Այս օրենսդրական նախաձեռնությունն իսկապես նպաստում է երկրից արտահանման գործընթացը հեշտացնելուն։ Պարզեցված ընթացակարգն ինքնին ենթադրում է, որ հավելյալ փաստաթղթեր կամ դրանց մասով հավելյալ ուսումնասիրություններ մաքսային ծառայությունն այլևս չի իրականացնում։ Ներկրման դեպքում պետությունն իհարկե պետք է շատ ուշադիր լինի հարկային վարչարարություն իրականացնելիս, իսկ արտահանման ժամանակ խոչընդոտները պետք է բացառվեն, որպեսզի Հայաստանն իրոք դառնա այնպիսի արտահանող երկիր, ինչի մասին մտածում են գործարարները»,– ասաց ընկերության հիմնադիրը։
Թովմասյանի համոզմաբ`արտահանումն առհասարակ որևէ արժեքով չպետք է սահմանափակվի և չպետք է հարկվի, որովհետև երբ արտադրվում է որևէ պրոդուկտ, ապա հարկատեսակներն արդեն իսկ դառնում են կիրառելի և ազդում ինքնարժեքի վրա, իսկ եթե նաև արտահանման համար է հարկ վճարվում, ապա այդ դեպքում բիզնես մոդելը ենթարկվում է փոփոխության։ Ըստ նրա` պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին, որ արտահանման ժամանակ որևէ խոչընդոտ չլինի, քանզի արտահանման դեպքում երկիր է մտնում արտարժույթ, ինչի նշանակությունը պետության ներսում չափազանց մեծ է։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մասնավորապես մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: