4 կուսակցություն ՀՀ բյուջեից 520 մլն դրամ աջակցություն կստանան

Կառավարության որոշմամբ ամենամեծ գումարը կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ապա «Հայաստան» դաշինքը, իսկ խորհրդարան չմտած ԲՀԿ–ն ու «Հանրապետություն» կուսակցությունը կստանան ավելի քիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հայաստանյան քաղաքական 4 ուժեր 520 մլն 733 հազար դրամ գումար կստանան պետական բյուջեից։
Կառավարությունը որոշումն ընդունեց առանց քննարկման ու զեկուցման, բայց գործադիրի պաշտոնական կայքում հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ նշված գումարը բաշխվելու է 4 ուժերի` 2 խորհրդարանական և 2 արտախորհրդարանական կուսակցությունների միջև։
Որոշման համաձայն, ամենամեծ գումարը` 268 մլն 309 հազար դրամ կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 163 մլն 221 հազար` «Հայաստան» դաշինքը, 50 մլն 444 հազար` ԲՀԿ–ն, 38 մլն 758 հազար` «Հանրապետություն» կուսակցությունը։
Նշենք, որ այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարել էին միայն վերոհիշյալ 4 քաղաքական ուժերը։