ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արարատի մարզի ոստիկանները բացահայտել են, թե ինչու էր Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում օրեր առաջ խմելու ջուրը կապույտ ներկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը` մարտի 16-ի կեսօրին Արտաշատի ոստիկանները խմելու ջրերն աղտոտելու կասկածանքով բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Աղասի Ո.-ին։
Նա խոստովանել է, որ մարտի 13-ին խմելու ջրի ծորակին է միացրել պոլիէթիլենային խողովակը, որպեսզի իրեն պատկանող բեռնատարի վրա ամրացրած մեկ տոննա տարողությամբ տարայի մեջ ջուր լցնի ու դրան բուժանյութի փոշի խառնի։
Սակայն ջուրը կտրվել է և տարայի մեջի` բուժանյութով լուծված ջուրը խողովակատարով հոսել է դեպի խմելու ջրի խողովակը, որտեղից էլ ավելի ուշ արտահոսել է մի քանի տների ծորակներից: Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, մեկ տոննա կշռով ցիստեռնը, որը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Աղասի Ո.-ին բաց են թողել: Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` մարտի 13-ին` դեպքից հետո, «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ընկերության աշխատակիցներն այցելել են նշված հասցեով, վերցրել են փորձանմուշներ` լաբորատոր ուսումնասիրության նպատակով։
Նախնական վարկածով` ջրի կապույտ գույնը պայմանավոված է եղել պղնձարջասպի պատրաստման հետ։
«Նախնական տվյալներով` այդ գյուղի փողոցներից մեկի մի քանի տան ծորակներից կապույտ ջրի հոսելը կապված է պղնձարջասպի հետ, որը բաշխիչ ցանց է ներթափանցել։ Այդ տներից մի փոքր վերև գտնվող 3 այլ տան բնակիչները բողոք չեն ունեցել, և ջուրն էլ մաքուր է եղել։ Պարզվել է, որ այդ ընտանիքներն ամբողջ գյուղի համար ավանդաբար զբաղվում են պղնձարջասպի հեղուկ (գարնանն այս հեղուկով իրականացվում է ծառերի և խաղողի թփերի ախտահանում,– խմբ.) պատրաստելով»,– ասել էր Սարգսյանը։
Նա ընդգծել էր, որ այդ անձինք հեղուկը պատրաստում են տակառի մեջ, որտեղ ռետինե խողովակներով ջուր են լցնում իրենց անհատական ջրագծերից։ Ընկերության մամուլի խոսնակի կարծիքով` հավանաբար անուշադրության արդյունքում ռետինե խողովակը ժամանակին դուրս չի հանվել ջրագծից։
Բարեբախտաբար, մարդկանց ոչինչ չի պատահել, քանի որ ոչ ոք չի օգտագործել այդ ջրից։