ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Խարկովի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել փախստականների շարասյան վրա, չորս մարդ զոհվել է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր Խարկովի ուղղությամբ ուկրաինական կողմը հերթական անգամ գնդակոծել է փախստականների տեղափոխող ավտոբուսների շարասյունը, որը մարդասիրական միջանցքով շարժվում էր դեպի Ռուսաստան։ Արդյունքում չորս մարդ զոհվել է, կան վիրավորներ»,-ասել Է գեներալը։
Նա ուկրաինական կողմից պահանջել է ապահովել բոլոր ուղղություններով հումանիտար միջանցքների անվտանգությունը։
Միզինցևը նշել է, որ ելնելով բացառապես մարդասիրական սկզբունքներից՝ շրջափակված բնակավայրերում ազգայնականների կողմից բռնի կերպով պահվող խաղաղ բնակիչներին տարհանելու համար մարտի 16-ին ՌԴ-ն «լռության ռեժիմ» է պահպանում Կիևի, Զապորոժիեի, ժիտոմիրի, Սումի, Խարկովի և Պոլտավայի ուղղություններով ուկրաինական կողմից ավելի վաղ առաջարկված հումանիտար միջանցքներում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։