ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանում արգելափակված Instagram սոցիալական ցանցի ռուսական անալոգը օգտատերերի համար հասանելի կլինի հաջորդ ամսվանից։ Տեղեկությունը հրապարակվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում՝ նախագծի պաշտոնական էջում:
«2022 թվականի մարտի 28-ին կգործարկվի Instagram-ի ռուսական անալոգը՝ բոլորի համար սովորական գործառույթներով և Android-ի ու iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածներով։ Սովորական օգտատերերի համար հասանելիությունը կբացվի 2022 թվականի ապրիլին», - ասված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական ցանցը կկոչվի «Ռոսսգրամ»։
«Ստեղծողները նախատեսում են մարտի վերջին այն գործարկել գործընկերների և թոփ-բլոգերների, ապրիլին՝ մյուս բոլոր օգտատերերի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 14-ին «Ռոսկոմնադզորը» Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով սահմանափակել է Instagram-ի հասանելիությունը երկրի տարածքում՝ ռուսաստանցիների նկատմամբ բռնության կոչերի պատճառով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։