ՌԴ ՊՆ-ն փաստերով հերքել է Չեռնիգովի խաղաղ բնակիչների սպանությանն իր մասնակցությունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը բացատրել է, թե ինչու հիմք չունեն խաղաղ բնակիչներին գնդակահարելու մասին մեղադրանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Չեռնիգովում «ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների գնդակահարության» մասին լուրերը: Ավելի վաղ նման հրապարակումներ էին հայտնվել ուկրաինական ԶԼՄ-ներում։ Այնտեղ հայտնվել էին Չեռնիգովում զոհված խաղաղ բնակիչների տեսակադրերը, որոնք, իբր, «գնդակահարվել են ռուս զինծառայողների կողմից»։
Նշվում էր, որ բոլոր զոհվածները հաց գնելու հերթում են եղել։
«Չեռնիգովում ռուս զինծառայողներ չեն եղել և չկան։ Ռուսաստանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները Չեռնիգովի սահմաններից դուրս են՝ արգելափակում են ճանապարհները, և քաղաքի վրա ոչ մի հարձակողական գործողություն չեն իրականացնում»,-նշել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում:
ՌԴ ՊՆ-ն նշում է նաև, որ ուկրաինական մամուլի տարածած կադրերում զինամթերքի պայթյունի որևէ հետք չկա։ Մոտակա շենքերի բոլոր լուսամունտների ապակիները տեղում են։ Պատերին կամ գետնին պայթյունի այլ հետքեր չկան։
«Այսպիսով, բոլոր զոհվածներն ուկրաինացի ազգայնականների ահաբեկչության զոհն են, կամ էլ տվյալ կադրերը ՈւԱԽ-ի հերթական բեմադրությունն է»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։