ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում չեն համընկնում, բայց... Լավրով

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Մոսկվայում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցությունների առանցքային թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակն ու դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի վերաբերյալ չեն համընկնում, բայց Մոսկվան գնահատում է ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Անկարայի ջանքերը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունները։
Նախարարը նշել է, որ բանակցությունների առանցքային թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակն ու դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
«Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցի շուրջ չեն համընկնում, բայց մենք շատ ենք գնահատում ու մեծ հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշմանը՝ փորձելով օբյեկտիվորեն մոտենալ ներկայիս ճգնաժամից բխող խնդիրներին», — ասել է նախարարը:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան գնահատում է Թուրքիայի մոտեցումը սևծովյան նեղուցներով անցնելու ռեժիմի վերաբերյալ Մոնտրեի կոնվենցիային:
«Եվ, իհարկե, մենք տեսնում և գնահատում ենք Անկարայի պատասխանատու մոտեցումը Մոնտրեի կոնվենցիայի պարտավորությունների պահպանման հարցում», - ասել է Լավրովը:
Մոնտրեի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։