Պարեկը կաշառք է վերցրել ու ձերբակալվել, գումար տվողը կալանավորվել է. մանրամասներ

Պարեկային ծառայության ավտոմեքենաներ
Ձերբակալված պարեկի բնակարանում խուզարկություն է անցկացվել, և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ են հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ։ Պարեկներից մեկը ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Տեղեկությունը հայտնում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4 րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե քաղաքացին իբր տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 դրամով:
Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք է տվել Ա. Ա.-ին:
Բացի այդ, պարեկ Ա. Ա.-ն պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումները: Իր հերթին հիշյալ քաղաքացին հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին կաշառք է տվել։
105 կեղծ դիպլոմ. կաշառքի դեպքեր են բացահայտել Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում
Մարտի 14–ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին մարտի 15–ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մարտի 16–ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2 րդ մասով /2 դրվագ/ (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 38 314 րդ հոդվածի 1 ին մասով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ (կաշառքի միջնորդություն), 314-րդ (պաշտոնեական կեղծիք) և 312-րդ հոդվածների 1-ին մասերով (պաշտոնատար անձին կաշառք տալը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Կաշառք է վերցրել խախտումներ չարձանագրելու համար. Լոռիում պաշտոնատար անձ է ձերբակալվել