ԵՐԵՎԱՆ, 16 մարտի -Sputnik. Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա նկարահանվող կատակերգական գեղարվեստական սերիալը ևս երկու սեզոն կունենա: Այս մասին հայտնում է Okko առցանց կինոթատրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեկնարկում է նոր դրվագների շուրջ աշխատանքը։
«Ես անչափ երջանիկ եմ, որ գրքի էկրանավորումը գնահատել են ինչպես հանդիսատեսը, այնպես էլ ընթերցողները։ Սերիալը ոչ միայն պատմում, այլ նաև վիզուալացնում է երջանիկ մանկության պահերը: Վստահ եմ, որ «Մանյունյայի» շարունակությունը կստացվի նույնքան պայծառ ու ջերմ, որքան առաջին սեզոնն էր», — ասել է Նարինե Աբգարյանը:
Ինչպես գրքի, այնպես էլ սերիալի գործողությունները ծավալվում են Հայաստանում 1980-ականներին։ Այն պատմում է տարբեր ազգությունների խորհրդային երկու ընտանիքների՝ Աբգարյանի և Շացի ընկերության մասին։ Նշվում է, որ «Մանյունյայի» առաջին եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին, ունեցել է շուրջ 5 միլիոն դիտում:
Սերիալի վրա կշարունակեն աշխատել պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը: Գլխավոր դերերը կկատարեն պատանի դերասանուհիներ Եկատերինա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը: Սերիալի շարունակության ընթացքում սիրված դերասանական կազմին կմիանա նաև Հրանտ Թոխատյանը։
Նարինե Աբգարյանը հայազգի ռուսալեզու գրող է, «Տասնամյակի լավագույն մանկական հեղինակ» մրցանակի դափնեկիր: