Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել. տեսանյութ

Սկզբում Բայդենը բացասական պատասխան է տվել հարցին ու դուրս եկել սենյակից, բայց հետո վերադարձել է ու հակառակ հայտարարությունն արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Սպիտակ տանը լրագրողների հետ Բայդենի կարճատև ճեպազրույցի ընթացքում Fox News-ի թղթակիցը նրան հարց է ուղղել, թե արդյոք նա պատրաստ է «այն ամենից հետո, ինչ տեսանք», իր ռուս գործընկերոջն անվանել «ռազմական հանցագործ»:
Սկզբում Բայդենը բացասական պատասխան է տվել ու դուրս եկել սենյակից, բայց հետո վերադարձել է ու ասել.
«Նա ռազմական հանցագործ է»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։