ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած գազաբալոններով ավտոմեքենաները օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ հակառակ պարագայում գազալցակայանը կտուգանվի։
Շեշտվում է, որ գազալցակայաններում պայթյունների մեծամասնության պատճառն այն է, որ տվյալ գազաբալոնը ժամանակին չի անցել համապատասխան ճնշափորձարկում։
Գազաբալոնները պետք է ստուգվեն 2-3 տարին մեկ, կախված դրանց տեսակից։ Փորձաքննություն էլ պետք է անցնեն միայն լիցենզավորված կազմակերպություններում։
5 ընկերություն արդեն իսկ ՏԿԵ նախարարության կողմից ստացել են լիցենզիա։ Լիցենզավորման գործընթացը շարունակվում է:
Խիստ մոտավոր տվյալներով Հայաստանում300.000- 450.000 մեքենա շահագործվում է գազաբալոնով։ Վարորդները 5 ամիս ժամանակ ունեն գազաբալոնները ստուգելու համար։Փորձարկումը գործնականում տևում է 45-50 րոպե։