Բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից օնլայն տարբերակով գումարներ են հափշտակել

Դատախազությունը քաղաքացիներին կրկին հորդորում է նախապես չճշտված անձանց, սուբյեկտներին չտրամադրել անձնական տվյալներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Որոշ մարդիկ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ են կատարել, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Կ.Վ.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությանը հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Կ. Ս.-ի և Է.Ս.-ի հետ:
Հանցագործության կատարման նպատակով Կ. Վ.-ն համացանցում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով, «K... V...» տվյալով և էլեկտրոնային փոստի միջոցով ստեղծել է «ADJ-PROMO» «ծուղակային»՝«Phishing»-ային էջը, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով: Ծուղակային էջը, որպես գովազդ, տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի կեղծ ակցիաներ։
Գովազդվող ակացիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» նույնականացման տվյալի անհատական էջ, դրանում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը՝ այդ կերպ իրենց անձնական ու բանկային տվյալներին հասանելիություն ապահովելով Կ.Վ.-ի համար: Իրենց անհատական էջ նրանք, բնականաբար, մուտք գործել չեն կարողացել, և գովազդվող ակցիաները չեն տրամադրվել:
«Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալներն այդկերպ ստանալով՝ Կ.Վ.-ն խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի շուրջ 15 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա գումարներից, ինչպես նաև` խաղային հաշիվներին կցված բանկային քարտերից 2021թ. մարտի 27-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է գումարներ՝ընդհանուր4.137.000 դրամի չափով:
Քարտային հաշիվներում առկա գումարները նա փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերի, այդ թվում՝ իր և Է.Ս.-ի անվամբ թողարկված բանկային քարտերին:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Կ. Ս.-ին և Է. Ս.-ին:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Կ.Վ.-ի կողմից հատուցվել է տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար և պատրաստակամություն հայտնել օգնելու նախաքննությանը:
Հաշվի առնելով, որ նախաքննության տվյալ փուլում վերացել են մեղադրյալ Կ.Վ.-ի կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը Կ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նրանց գործողություններից այլ անձանց տուժելու հնարավոր այլ դեպքեր, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դատախազությունը քաղաքացիներին կրկին հորդորում է զերծ մնալ նախապես չճշտված անձանց, սուբյակտներին առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով տրամադրելուց:
Արցախում ԱՁ-ի տնօրենը բանակ մեկնածի հաշվին պետությունից գումար է հափշտակել