ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատումը՝ պատժամիջոցային սահմանափակումներից հետո առաջացած տեխնիկական բարդությունների պատճառով։ Այս մասին մարտի 16-ին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարինջելա Սիմաոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Այո, մենք մարտի 7-ին պետք է Ռուսաստան գնայինք ու տեսչական ստուգում անցկացնեինք։ Բայց այդ ստուգումները հետաձգվել են»,-ասել է նա։
Սիմաոյի խոսքով, ռուսական պատվաստանյութի գնահատումը, ինչպես նաև ստուգումներն արտադրությունում տուժել են Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև պատժամիջոցներից հետո չվերթերի ու ֆինանսական հնարավորությունների սահմանափակման, այդ թվում՝ կրեդիտային քարտերի ու այլ տեխնիկական խնդիրների պատճառով։
Հարցը քննարկվել է ռուսաստանյան հայտատուի հետ, նշել է Սիմաոն։ Նոր ժամկետները կսահմանվեն, հենց հնարավոր լինի։