Աղբավայրերը թանկ են նստել ԱԻՆ–ի վրա. կառույցից ասել են` ինչքան ջուր և ռեսուրս են ծախսել

Թեև Փրկարար ծառայությունը աղբավայրերում բռնկված հրդեհներին արձագանքելու և դրանք մարելու գործառույթ չունի, բայց օգնել է հրդեհները մարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. 2021 թվականի մայիսի 22-ից 30-ը և հունիսի 5-ից 28-ը Մասիս քաղաքի աղբանոցում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել է 7 հրշեջ-փրկարարական ջոկատ, ընդհանուր թվով 192 ծառայող, օգտագործվել է 8800 տոննա ջուր: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական բոլոր ջոկատները, ընդհանուր` 376 ծառայող, օգտագործվել է 3847 տոննա ջուր:
Շեշտվում է, որ թեև Փրկարար ծառայությունը աղբավայրերում բռնկված հրդեհներին արձագանքելու և մարելու գործառույթ չունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի լրջությունը, դրա վտանգները, անմասն չի մնում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից՝ կենտրոնացնելով մեծ քանակությամբ ռեսուրսներ:
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Եղել են դեպքեր, երբ նույն աղբավայրում հրդեհի դեպք է գրանցվել օրը մի քանի անգամ:
Նշենք, որ եղանակները տաքանալուն պես աղբավայրերում հրդեհների առաջացման հավանականությունը մեծանում է: