Ուկրաինայի կենսալաբորատորիաները Ռուսաստանի և Եվրոպայի համար վտանգ են ներկայացնում. ՌԴ ԱԳՆ

Ալեքսեյ Պոլիշչուկի խոսքով` Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողություններն ուղղված են նաև կենսաբանական սպառնալիքը ոչնչացնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ուկրաինայի տարածքում կենսաբանական լաբորատորիաները վտանգ են ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ Եվրոպայի համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Դիվանագետը նշել է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողություններն ուղղված են նաև կենսաբանական սպառնալիքի չեզոքացմանը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում կենսալաբորատորիաներին, դրանք ոչ միայն Ռուսաստանի համար են վտանգ ներկայացնում, այլև ողջ Եվրոպայի», – ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պատմել է, որ Ուկրաինայում կենսալաբորատորիաների ցանցը զբաղվում էր մահացու հիվանդությունների պաթոգեն հատկությունների ուժեղացմամբ։ Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ–ի ԱԽ նիստին ելույթ ունենալիս։
Նեբենզյայի խոսքով` Ռուսաստանի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք հաստատում են Ուկրաինայի տարածքում շուրջ 30 լաբորատորիաների առկայությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։