Տրանսպորտի բարեփոխումները տեսանելի կլինեն 2 ամսից. Երևանի քաղաքապետը թվարկեց խնդիրները

Հրաչյա Սարգսյան
Նախորդ տարի գնված ավտոբուսները մի քանի շաբաթից ամբողջությամբ կներառվեն Երևանի տրանսպորտային համակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումները նկատելի կլինեն երկու ամսից։ Երևանի ավագանու նիստում նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետը հիշեցրեց, որ մինչև տարեվերջ կառավարության աջակցությամբ նախատեսվում է ձեռք բերել 12 մետրանոց ավտոբուսների խմբաքանակ, ինչը կհեշտացնի մարդկանց տեղաշարժը։ Ինչ վերաբերում է առավոտվա ժամերին տրանսպորտի բացակայությանը, Սարգսյանը նշեց, որ մի քանի պատճառ կա, որոնցից գլխավորը խցանումներն են, ինչպես նաև մի քանի երթուղու չեղարկումը (դրանք հանվել են, քանի որ տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը լրացել էր)։
«Ապրիլի 1-ից նոր ավտոբուսները ևս երեք երթուղի կսպասարկեն, ինչը որոշակիորեն կմեղմի իրավիճակը, քանի որ որոշ գծեր կան, որ փակվել են »,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ առաջիկայում կներդրվի ուղեվարձի գանձման նոր համակարգ և կգործարկվի հասարակական տրանսպորտի կառավարման կենտրոնը, որը կհամակարգի աշխատանքները։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Երևանի քաղաքապետարանը գնեց 311 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականին նախատեսում է գնել 200 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 100 հատ 12 մետրանոց և 100 հատ 8,5 մետրանոց ավտոբուս:
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել ստեփանակերտցիներին