Սպորտը գերքաղաքականացված է, ստանդարտները երկակի են. Ջուլֆալակյանը` ՄՕԿ-ի որոշման մասին

Արսեն Ջուլֆալակյան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում Պեկինում ընթանում էին պարալիմպիկ խաղերը։ Դա պատճառ դարձավ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին որակազրկի։ Ռուսաստանի Պարալիմպիկ հավաքականը նույնիսկ հեռացվեց օլիմպիական խաղերից։
Sputnik
Պարալիմպիկ խաղերում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների չմասնակցելու ՄՕԿ-ի որոշումից տուժել են ոչ միայն մարզիկ-մարզուհիները, այլ նաև օլիմպիական շարժումը։
Այսպիսի կարծիք ունի հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը ցավով նշում է, որ քաղաքականությունը մտավ սպորտ։ Նա հիշեցնում է, որ Ռուսաստանի ռազմական հատուկ օպերացիայի մեկնարկից հետո ՄՕԿ-ի առաջարկով մեկը մյուսի հետևից տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ ևս իրենց հովանու տակ անցկացվող մրցումների մասնակցությունից զրկեցին ռուսաստանցի և բելառուս մարզիկներին։
«Համաշխարհային սպորտը հերթական անգամ հայտնվել է ծանր վիճակում։ Կորոնավիրուսի համաճարակից հետո հիմա էլ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների նկատմամբ սահմանափակումները, ինչը, իհարկե, անդրադառնում է ոչ միայն մարզիկների, այլ ընդհանրապես մարզաշխարհի վրա։ Մարզիկի զուտ սպորտային կյանքը բավականին սահմանափակ է, ու տեսեք` կորոնավիրուսի պատճառով մարզաշխարհը երկու տարի հետ ընկավ, հիմա էլ զրկված են մրցումների մասնակցությունից այլ պատճառով։ Երկու-երեք տարվա ընթացքում մարզիկը կարող է նվաճել իր մարզական կյանքի գլխավոր տիտղոսները։ Իսկ ներկա պահին ամենի ինչ հավասարվում է զրոյի»,–ասում է Ջուլֆալակյանը։
Նա հիշեցնում է, որ ամբողջ աշխարհը միշտ ընդգծել է, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի։ Բայց ներկայիս վիճակում պարզ է, որ սպորտը տուժում է քաղաքականության պատճառով։
Պլովդիվում մի քանի օր առաջ ավարտված մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում ևս Ռուսաստանը ներկայացնող ըմբիշներին թույլ չեն տվել մասնակցել մրցումներին։
Ջուլֆալակյանը պատմում է, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում այդ մրցումներից առաջ 4 ժամ նիստ են անցկացրել։ «Ասեմ, որ շատ ծանր նիստ էր բոլորի համար։ Մեր ֆեդերացիայի նախագահը` ազգությամբ սերբ Նենադ Լալովիչը նույնպես հասկանում էր, թե ինչքան ծանր կլինի մարզիկների որակազրկումը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն էլ իր հերթին կողմ էր բավարարվել դրոշի և օրհներգի հանելով։ Նման որոշում էլ կայացվել էր փետրվարի 25-ին։ Որոշակի ճնշումների ներքո որոշվեց այս պահին ռուսաստանցի մարզիկներին զրկել մրցումների մասնակցությունից, բայց պատերազմական գործողությունների ավարտից հետո նորից վերադառնալ այս հարցի քննարկմանը»,–ասում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի նախագահը։
Նա կարծում է, որ եթե Ըմբշամարտի ֆեդերացիան քվեարկեր ՄՕԿ-ի առաջարկությանն ու պահանջին դեմ, այդ դեպքում էլ ըմբշամարտը կհանվել օլիմպիական խաղերի ծրագրից։
Անվանի մարզիկը հիշեցնում է, որ օլիմպիական շարժման հիմնական նպատակներից մեկը, բացի մարզականից, սպորտը քաղաքականությունից հեռու պահելն է եղել միշտ։ Դա պետք է լինի սպորտային տոն` առանց քաղաքականության ։ Ստորագրված փաստաթուղթ էլ կա, ըստ որի` օլիմպիական խաղերից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո` ներառյալ պարալիմպիկ խաղերը ,պետք է դադարեն պատերազմները։
«Ինչպես հասկանում ենք, այս պայմանավորվածությունը խախտվել է, և ոչ մեկ անգամ։ Սակայն փաստ է նաև այն, որ սպորտն այս պահին գերքաղաքականացված է, գործում են երկակի ստանդարտներ։ Ռուսաստանում սպորտը շատ զարգացած է, ու համարյա բոլոր մարզաձևերում ռուս մարզիկները երանգ հաղորդողների թվում են։ Նրանց բացակայության պայմաններում մարզաձևը նաև կորցնում է դիտարժանությունը։ Այսինքն` այստեղ էլ տուժում է երկրպագուն»,- հավելեց Ջուլֆալակյանը։
Հաշվի առնենք, որ այս ամենը միայն մարզաշխարհի վրա չի տարածվում։ Մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում էլ են փորձում ՌԴ–ն ներկայացողների վրա են ճնշում գործադրել։ Ու ընդ որում, շատ հաճախ միայն նրա համար, որ մարդը Ռուսաստանի դեմ դիրքորոշում չի հայտնում, քանի որ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ։ Անհնար է հասկանալ, թե ինչպես կարելի է չբուժել հիվանդին միայն նրա համար, որ նա ռուս է։ Սա նոնսենս է։
Կապառոսը երիտասարդացնում է Հայաստանի հավաքականը. ով որ դիրքում կխաղա