ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանը մոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ուկրաինայի վերաբերյալ հումանիտար բանաձևի նախագիծ կառաջարկի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Մենք մեր սեփական նախագիծը կառաջարկենք, որը մարդասիրական է։ Մենք այն շուտով կներկայացնենք մաքրագիր տարբերակով և կտեսնենք՝ Անվտանգության խորհուրդը կարո՞ղ է իրականացնել իր առաքելությունը, թե՞ չի կարող»,-ասել է Նեբենզյան։
Ավելի վաղ Մեքսիկան և Ֆրանսիան հրաժարվել էին ԱԽ-ում իրենց հումանիտար բանաձևն ընդունելու գաղափարից և նախագիծը տեղափոխել Գլխավոր ասամբլեա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։