ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված տնտեսական նոր իրողությունների պայմաններում ՌԴ–ից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները կարող են 20 տոկոսով կրճատվել։
Կենտրոնական բանկի այս կանխատեսումն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նշենք, որ Հայաստանը ՌԴ–ից տարեկան շուրջ 860 միլիոն դոլարի տրանսֆերտներ է ստանում,որոնք կազմում են արտերկրից փոխանցվող գումարների 40 տոկոսը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։