ՌԴ–ի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի և Ռուսաստանի դրոշները
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը նշել է, որ հիմա Ռուսաստանը մի քիչ այլ տոնով է խոսում, և ուկրաինական դիրքորոշումը լսելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել, քննարկվում է ապագա համաձայնագիրը: ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան N24 հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Ինչպես գիտեք, այսօր բանակցությունների չորրորդ փուլն է, պատվիրակությունների միջև բանակցություններ են ընթանում։ Առաջին փուլերում Ռուսաստանը պատրաստ չէր լսելու մեր դիրքորոշումը, վերջնագրեր էր դնում, որ Ուկրաինան պետք է հանձնվի, վայր դնի զենքը, որ մեր նախագահը կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրի։ Իսկ հիմա Ռուսաստանը մի քիչ այլ տոնով է խոսում։ Ուկրաինական դիրքորոշումը լսելի է, բանակցություններն ավելի կառուցողական են դարձել»,–ասել է Ժովկվան։
Նա նշել է, որ խոսքն ապագա համաձայնագրի, պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի համար որոշակի երաշխիքների մասին է։ Ժովկվայի խոսքով` իրենք չափավոր լավատես են, բայց նաև հասկանում են, որ այդ բանակցություններում մեծ առաջընթաց կգրանցվի, երբ դրանց մասնակցեն պետությունների ղեկավարները։
Կարող է փաստաթուղթ դառնալ. Սլուցկին` ռուս–ուկրաինական բանակցություններում առաջընթացի մասին
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին առցանց ձևաչափով։ Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր:
Կիևում ասել են` երբ կարող է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքվել