ՌԴ առաջարկած 10 մարդասիրական միջանցքներից Կիևը համաձայնել է միայն երեքը տրամադրել․ ՌԴ ՊՆ

Փախստականները Դոնբասից ժամանել են Վորոնեժ. Արխիվային լուսանկար
Ռուս գեներալը նշել է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն բոլոր համաձայնեցված երթուղիներում անշեղորեն պահպանում է «լռության ռեժիմը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը 12-րդ անգամ Ուկրաինայի խաղաղ բնակիչներին մարդասիրական միջանցքներ են տրամադրել երկրի վտանգավոր շրջաններից նրանց տարհանելու համար: Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Այսօր առավոտյան ժամը 10-ից, բացառապես մարդասիրական նպատակներով, ՌԴ-ն արդեն 12-րդ անգամ մարդասիրական միջանցքներ է տրամադրել Կիևի, Չեռնիգով, Սումիի և Խարկովի ուղղություններով՝ մեկական հումանիտար միջանցք տրամադրելով դեպի Ռուսաստան ու ևս մեկական՝ Կիևի իշխանության վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևմտյան սահմանների ուղղությամբ։ Ռուսաստանի զինված ուժերն անշեղորեն պահպանում են «լռության ռեժիմները», - նշել է Միզինցևը։
Գեներալի խոսքով՝ ՌԴ-ի առաջարկած 10 երթուղիներից ուկրաինական իշխանությունը համաձայնեցրել է միայն 3-ը, սակայն Ռուսաստան գնացող ոչ մի հումանիտար միջանցք պաշտոնական Կիևի կողմից կրկին հաստատված չէ:
«Մենք ամեն օր համաձայնեցնում ենք Կիևի կողմից առաջարկվող լրացուցիչ հումանիտար միջանցքները։ Այսօր ուկրաինական կողմը հայտարարել է Զապորոժիեի, Ժիտոմիրի ու Պոլտավայի ուղղություններով փախստականների դուրսբերման ինը երթուղիների մասին: Բոլոր այդ երթուղիներում Ռուսաստանի Զինված ուժերի կողմից նույնպես անշեղորեն պահպանվում է «լռության ռեժիմը», - ընդգծել է Միզինցեւը:
Մինչդեռ, նրա խոսքով, ուկրաինական քաղաքներում պահվող խաղաղ բնակիչները ուզում են բացառապես Ռուսաստան տարհանվել:
Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում ևս 11 412 նման դիմում է ստացվել, ընդամենը գերատեսչության տվյալների բազայում դրանք արդեն 2 678 069 են՝ «կոնկրետ ազգանուններով ու հասցեներով Ուկրաինայի գրեթե երկու հազար բնակավայրերից»:
Ռուս գեներալը նշել է, որ ՌԴ-ն առանց Կիևի իշխանության մասնակցության տարհանել է մոտ 260 հազար մարդու, այդ թվում՝ 56 հազար երեխաների, Ուկրաինայի վտանգավոր գոտիներից, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից:
Նրա խոսքով՝ մեկ օրում Ռուսաստանի սահմանը հատել է 1368 անձնական ավտոմեքենա, իսկ հատուկ գործողության ամբողջ ընթացքում՝ ավելի քան 29 հազար: