Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Միշելի հետ

Վլադիմիր Պուտինը ԵՄ նախագահին է ներկայացրել ռուս–ուկրաինական բանակցությունների սկզբունքային գնահատականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Եվրախորհրդի նախագահը քննարկել են Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ գործողության, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։
ՌԴ նախագահը Միշելի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ի ղեկավարությունն անտեսել է ուկրաինացի զինվորականների երեկվա հանցագործ ակցիան` Դոնեցկի հրետակոծությունը։
Պուտինը ԵՄ նախագահին է ներկայացրել պայմանավորվածությունների մշակման շուրջ ռուս–ուկրաինական բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։