ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մոսկվայի Օստանկինոյի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է «Վրեմյա» ծրագրի ստուդիա ներխուժած Առաջին ալիքի աշխատակից Մարիա Օվսյաննիկովային՝ հրապարակային միջոցառման անցկացման կանոնները խախտելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Օվսյաննիկովայի վերաբերյալ նյութը կազմվել է ՌԴ ՔՕ 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց ծանուցման հրապարակային միջոցառման կազմակերպում կամ անցկացում):
Ինչպես պատմել է փաստաբանը, իրավապահներին հետաքրքրել է նախօրեին հրապարակված տեսանյութը, որտեղ Օվսյաննիկովան մարդկանց կոչ է անում հանրահավաքների դուրս գալ:
Ինքը՝ Օվսյաննիկովան, դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ես չեմ ընդունում մեղքը, դա իմ հակապատերազմական արտահայտումն էր»,-ասել է նա։
Նախօրեին Առաջին ալիքը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ուղիղ եթերում պաստառով աղջկա հայտնվելու միջադեպից հետո ստուգում է իրականացնում:
Եթեր դուրս գալուց առաջ Օվսյաննիկովան տեսաուղերձ էր ձայնագրել, որում դատապարտում էր պատերազմն Ուկրաինայում և հայտարարում, որ ամաչում է իր քարոզչական գործունեության համար։ Միջադեպից մի քանի ժամ անց նրան շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, այդ սադրանքի համար աշխատակցուհուն, որն օգտվել է իր ծառայողական դիրքից, կարող է սպառնալ ոչ միայն կարգապահական, այլև քրեական պատասխանատվության:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է սկսել նրա գործողություններում ՌԴ ՔՕ 207.3 հոդվածով («ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը») նախատեսված հանցակազմի առկայությունը պարզելու համար: