ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդեն 2 տարի է` բանակցություններ է վարում ԱՄՆ–ի Burlington Capital ամերիկյան կազմակերպության հետ, որպեսզի Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան օնկոլոգիական կենտրոն բացվի։ Այս մասին Աբրահմայանն ասաց ասուլիսի ժամանակ։
«ԱՄՆ–ում ստեղծել ենք գյուղատնտեսական և առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ։ Ես մի քանի անգամ ԱՄՆ–ում այցելել եմ նոր տեխնոլոգիաներով և միջազգային ստանդարտներով օնկոլոգիական և բժիշկների վերապատրաստման կենտրոն, որը նոր են կառուցել, և աշխարհում նմանը չկա։ Երկու տարի է` բանակցություններ եմ վարում, որպեսզի Հայաստանում էլ կառուցենք միջազգային ստանդարտներով և նոր տեխնոլոգիաներով նմանատիպ օնկոլոգիական կենտրոն»,– ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորվածությունները մի փոքր հետ են մղում, սակայն ինքը Հայաստան է եկել հենց այդ հարցերով զբաղվելու համար։
Աբրահամյանը նաև շեշտեց, որ Հայաստանը նաև գյուղատնտեսական տեխնոլոգիաների մեծ կարիք ունի, քանի որ այդ ֆոնդում առկա տեխնիկան «վաղը չէ մյուս օրվա է»։
«Մենք նաև հունիսի 3-5–ըպատրաստվում ենք ֆորում անցկացնել, որի ժամանակ կքննարկենք «Ուղեղային կենտրոն» կառուցելու հարցը։ Այն ինստիտուտ է լինելու, որը զբաղվելու է ոչ միայն Հայաստանին, այլև արտասահմանին վերաբերող ամենատարբեր հարցերով։ Դրա շրջանակում պատրաստելու ենք մեր ճանապարահային քարտեզը, միավորենք մեր ուժերը Հայաստանի և սփյուռքի միջև»,– ասաց Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահը շեշտեց, որ 2 ամիս ԱՄՆ–ում գտնվելով, մեծ աշխատանք է տարել ՀՀ–ն գիտական կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Նախատեսվում է դրա շրջանակում Հայաստանում հավաքել ոչ միայն հայերին, այլև աշխարհի բոլոր գիտնականներին։