Մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ. պաշտպանության փոխնախարար

Արման Սարգսյան
Արման Սարգսյանը ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ նպատակը պատերազմ հրահրելը, հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելը չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանության նպատակն անատամ բանակ ունենալը չէ։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ, այլ ուղղակի ֆիքսելը, որ ՀՀ զինված ուժերը չեն ստեղծվելու ագրեսիայի նպատակով»,– ասաց Սարգսյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի համաձայն` զինված ուժերը զարգացվելու և վերափոխվելու են ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով:
Փոխնախարարը հայտարարեց, որ եթե նախկինում այս ձևակերպումը պաշտոնապես ամրագրված չի եղել, միևնույնն է` ՀՀ ԶՈւ նպատակը երբեք ագրեսիան չի եղել։
«Սակայն պաշտպանությունն իր մեջ ներառում է նաև հակահարձակում և այլն։ Մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ ԶՈւ նպատակը պատերազմ հրահրելը չէ, իր հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելը չէ,– ասաց նա,– անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող։ Բնականաբար, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր զինված ուժերը լինեն մարտունակ, հակահարված տալու ընդունակ լինեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով»։
Նշենք, որ ԱԺ–ի հանձնաժողովում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի նախագիծը։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրից ԱԺ ընդդիմության մատնանշած հատվածին, այն վերաբերում է զինված ուժերի բարեփոխումներին։
«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,– գրված է ծրագրի հիշյալ հատվածում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի որոշմամբ 2021թ–ին ստեղծվել էր զինված ուժերում բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել էր ՀՀ ԶՈւ բարեփոխումների հայեցակարգը և դրա իրականացման ժամանակացույցը։
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, հայտարարել էր, որ չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի իրեն ներկայացված տարբերակը և այն ուղարկել է խմբագրման։