Կիևում ասել են` երբ կարող է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքվել

Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կարող է ստորագրվել շաբաթվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիր կարող է կնքվել ամենաշուտը մեկ–երկու շաբաթվա ընթացքում, ամենաուշը` մայիսին։
«Կարծում եմ` մայիսից ոչ ուշ, մայիսի սկիզբ, ըստ ամենայնի, պետք է հաշտության համաձայնագրի հասնենք, կամ, գուցե նաև ավելի շուտ։ Տեսնենք. ամենաուշ ժամկետն եմ նշում։ Հիմա կա՛մ մեկ–երկու շաբաթվա ընթացքում արագ հաշտության համաձայնագիր կկնքվի` զորքի դուրսբերմամբ և մնացյալով, կա՛մ առաջիկայում կպայմանավորվենք` մինչև մայիսի վերջ բանակցությունների հերթական փուլից, պատերազմելու փորձից հետո», –YouTube–ի` լրագրող Մարկ Ֆեյգինի ալիքի եթերում ասել է Արեստովիչը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։
Մարտի 13–ին Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, մեկնաբանելով դրանց ընթացքը, հայտարարել էր, որ առկա է զգալի առաջընթաց: Նրա խոսքով ՝ այս ամենը կարող է վերաճել կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման։
Մարտի 14-ին կայացել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։