Իրավիճակն Արցախի հատվածում կայուն լարված է. պաշտպանության փոխնախարար

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի փողոցներից մեկում. Արխիվային լուսանկար
Հայկական կողմը բանակցությունների միջոցով փորձում է չեզոքացնել հնարավոր սադրանքների ու էսկալացիայի խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Վերջին շրջանում հայ–ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն լարված է։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։
«Մարտի 13-ի, 14-ի գիշերվանից ու այսօր մենք, թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված, հատկապես Արցախի հատվածում։ Ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների և այլ գործողություների միջոցով հնարավոր սադրանքների, հնարավոր էսկալացիաների խնդիրներ չծագեն»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր Արցախում. ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։
Մարտի 8-ի գիշերը Հայաստանից Արցախ գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով բանակցել են ադրբեջանական կողմի հետ։
Կոմունալ ծառայությունները դեռևս չեն կարողացել վերացնել վթարը, քանի որ այս հատվածը վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, վերջիններս դեռ թույլ չեն տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։
Մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ. պաշտպանության փոխնախարար