Իրականությունն ավելի սարսափելի էր. Արա Աբրահամյանը Դոնբասը համեմատեց Արցախի հետ

Փախստականներ
Արա Աբրահամյանը վստահեցնում է, որ բոլորից լավ գիտի, թե ինչ է կատարվել Դոնբասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը տեղին է և ուկրաինացիների դեմ չէ: Նա իր տեսակետը հայտնեց այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Աբրահամյանը նշեց, որ Կիևն ու նրա գործընկերները 2014 թվականից չեն կատարել Մինսկի համաձայնագրերը, ավելին՝ ակտիվորեն պատրաստվել են Ռուսաստանի դեմ պատերազմին։ Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանն Ուկրաինայում կռվում է ազգայնականության և բանդերիզմի, ոչ թե ուկրաինացի ժողովրդի դեմ, ինչպես դա ներկայացնում են տարբեր լրատվամիջոցները։
«Վերջին 8 տարվա ընթացքում մենք աջակցել ենք Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին ու բոլորից լավ գիտենք, թե ինչպես են այնտեղ ապրել որբերը, ինչպես են մարդիկ դողացել վախից։ Այնտեղ իսկապես սարսափելի էր, Ղարաբաղից մի փոքր ավելի վատ»,- ասաց Աբրահամյանը։
ՌՀՄ ղեկավարին վիրավորել են Ուկրաինայի հայերի պահանջները, որոնք ճիշտ չեն համարում ռուսական կողմի աջակցությունը։ Այս համատեքստում Աբրահամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Արցախում տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, թե որքան կարևոր գործընկերը։ Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները պետք է համարձակություն ունենան ընդունելու, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը չի կարող լինել ի վնաս ռազմավարական գործընկերոջ:
«Ուկրաինայի հայերը պահանջներ ունեն, բայց ես ուզում եմ հասկանալ, թե որտեղ էին նրանք, երբ Ադրբեջանը հաղթանակի երթ էր կազմակերպում այդ երկրում և երբ հատուկ զինամթերքը ուղարկում էին Արցախ»,- շեշտեց Աբրահամյանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։