Ադրբեջանի վերջին 10 օրվա հիմնական խախտումներն այն ուղղություններով են, որտեղ շփման գծի հարակից հատվածում տեղակայված բնակավայրեր կան։ Այդ տեղերում հոգեբանական գրոհի, վախի մթնոլորտ ստեղծելով` բնակչության վրա ազդելը շատ ավելի հեշտ է։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով` գյուղերի ռազմավարական նշանակության մասին ներքին քննարկումներում հաշվի է առնվում Ադրբեջանի ներկայացրած հավակնությունների հանգամանքը, բայց պետք է դրան այլ տեսանկյունից նայել։
«Դա հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ ակնհայտորեն Խրամորթը պետք է մնար հայկական վերահսկողության ներքո, և դրանով ամեն ինչ պետք է ավարտած համարել»,- ասաց Աբրահամյանը։
Հարցին՝ ինչպե՞ս զբաղվել այդ գյուղերի պաշտպանությամբ, պատգամավորը պատասխանեց՝ անվտանգության ապահովման երկու գործոն կա՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը և Արցախի պաշտպանության բանակը։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խնապատ) ուղղությամբ։
Մարտի 8-ի գիշերը Հայաստանից Արցախ հասնող գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով բանակցում են ադրբեջանական կողմի հետ, սակայն գազամատակարարումը դեռ չի վերականգնվել։