ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում գործող ռուսաստանյան խոշոր ընկերությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` դրանց մեծ մասը էներգետիկ ոլորտում ներգրավված ընկերություններ են` «Հարավկովկասյան երկաթուղին» և այլն, որոնց վրա պատժամիջոցները չեն անդրադարձել։
Այդուհանդերձ, ըստ ԿԲ կանխատեսման, ՌԴ–ի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով այդ երկրում տնտեսության շուրջ 6 տոկոսանոց անկում է կանխատեսվում, որն իր ազդեցություն է ունենալու ոչ միայն ՀՀ–ում գործող ռուսական ընկերությունների, այլև հայաստանյան տնտեսության վրա ընդհանրապես։
«Չի կարելի բացառել, որ ՌԴ–ից եկող ազդակները մեզ վրա ազդեցություն չեն ունենա։ Բայց միևնույն ժամանակ պետք է հանգիստ, հանդարտ աշխատել, որպեսզի այդ ազդեցությունների չափը մաքսիմալ նվազեցնել մեր տնտեսության վրա»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ սկսեցին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Դրանք հիմնականում առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։