ՀՀ նորընտիր նախագահը ստորագրել է իր առաջին հրամանագիրը

Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ պարգևատրում է իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը` նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է իր առաջին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,– նշված է հրամանագրում:
Նշենք, որ Սոնա Հովհաննիսյանը 2007 թվականին էլ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2010-ին դարձել Արվեստի վաստակավոր գործիչ։
Հիշեցնենք` ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կայացավ կիրակի` մարտի 13–ին։ Նա ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին` Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության` ՔՊ–ի 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։