ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. 2021թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 30 245 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ շատ է 3777-ով կամ 14․3%-ով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքերի աճ է արձանագրվել բոլոր հանցատեսակներով` բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։ Դրան զուգահեռ, սակայն, 2%-ով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57,7%։
Մտահոգիչ է համարվել սպանության դեպքերի 20%-ով, սպանության փորձի՝ 17.9%-ով աճը՝ հատկապես նկատի ունենալով, որ դրանց շարքում զգալի մաս են կազմել այնպիսիք, որոնք եղել են նախկինում կատարված հանցագործության, այդ թվում՝ սպանության դեպքերի շարունակություն:
Միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով նախապատրաստված վարույթներով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է 22.3 մլրդ դրամ, ինչը 2020թ. համեմատ ավելի է 85%-ով: Իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5.6 մլրդ դրամը, ինչը 2020թ.-ի համեմատ ավելի է շուրջ 2.8 անգամ:
Այս ցուցանիշներն ներկայացվել են ՀՀ դատախազությունում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նիստի ընթացքում նշվել է, որ դատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար ունեցել են շրջադարձային նշանակություն։
Մասնավորապես արձանագրվել է 50 դեպք, երբ քրգործերով մեղադրական եզրակացությունները դատախազների կողմից չեն հաստատվել, և դրանով հետագա քննության արդյունքում կայացվել է վարույթը կարճելու որոշում: Այսինքն՝ դատախազների այդ որոշումների արդյունքում առնվազն նույնքան մարդ անհիմն դատի չի տրվել: Կամ արձանագրվել է 38 դեպք, երբ դատախազները վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումները: Այսինքն՝ դատախազական այդ ակտերով ապահովվել է, որպեսզի առնվազն նույնքան մարդ չխուսափի քրեական պատասխանատվությունից։