ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ԵՄ-ն գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Ռուսաստանի 15 ֆիզիկական և 9 իրավաբանական անձինք, որոնց թվում են գործարար Ռոման Աբրամովիչը, ՌԴ «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, լրագրող Արտյոմ Շեյնինը, «Յանդեքսի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը և այլն:
Պատժամիջոցների ցանկում հայտնված ընկերությունների թվում են «Ռոսնեֆտը», «Տրանսնեֆտը», «Գազպրոմ նեֆտը», ԿԱՄԱԶ-ը, «Սովկոմֆլոտը» և «Ռոստեխը»։
ԵՄ-ն արգելել է նաև Ռուսաստան 50 հազար եվրոյից ավելի թանկ ավտոմեքենաների, ինչպես նաև շքեղության առարկա հանդիսացող մի շարք ապրանքների արտահանումը: Արգելվել է Ռուսաստան արտահանել օծանելիք, կենցաղային տեխնիկա, ալկոհոլ և մի շարք այլ ապրանքներ, եթե դրանց մեկ միավորի արժեքը գերազանցում է 300 եվրոն։
Սահմանափակումներ են մտցվել ՌԴ-ի հետ երկաթի և պողպատի առևտրի վրա ոլորտում։
Արևմտյան երկրները Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության կապակցությամբ նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել՝ հերթականը՝ 2014 թվականից ի վեր:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պեսկովը, Արևմուտքի պատժամիջոցները բավական լուրջ են, Ռուսաստանը դրանց նախապատրաստվել է։ Նա հավելել էր, որ դրանց վերաբերյալ գերատեսչությունների վերլուծություն ու համակարգում է պահանջվում՝ ՌԴ շահերից ելնող պատասխան միջոցներ մշակելու համար։