Աշխատում ենք օգուտ քաղել ռուսաստանցիների ներհոսքից, այնինչ չգիտենք էլ` քանի մարդ է եկել

«Զվարթնոց» օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Ամեն տարվա գարնան սկզբին Երևանում նշվում է պարսկական Ամանորը՝ Նովրուզը, երբ Հայաստան են ժամանում հարյուրավոր իրանցիներ։ Այս տարի նրանցից շուտ եկան ռուսաստանցիները։
Sputnik
Մինչև վերջերս Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում էր մոտ 12 հազար ռուս։ Հաշված օրերի ընթացքում նրանց թիվն աճեց մի քանի անգամ, թեև հանուն ճշմարտության վերապահում անենք՝ անխտիր բոլոր ժամանածներին այնքան էլ ճիշտ չէ ռուս անվանել, ուղղակի նրանց բոլորին միավորում է այն, որ Ռուսաստանի քաղաքացի են։
Եղավ մի ժամանակահատված, երբ այդ երկրից «Զվարթնոց» էր գալիս օրական ավելի քան 40 ավիաչվերթ։ Գումարեք սրան Գյումրին, որտեղ նույնպես վայրէջք են կատարում Ռուսաստանից ժամանող ինքնաթիռները։ Այդ աննախադեպ երևույթը տեսնելիս մարդ մտածում էր՝ միգուցե Հայաստանն իրոք տարածաշրջանային խաչմերո՞ւկ է դառնում, ինչպես պնդում են իշխանությունները։
Իրականում որևէ պաշտոնյա դեռ չի համարձակվել ստույգ ասել, թե քանի ռուսաստանցի է եկել Հայաստան։ Մնում է բավարարվել տարբեր գերատեսչությունների այն հիմնավորմամբ, թե ժամանածների և մեկնածների մասին տեղեկությունները մեզ մոտ ամփոփվում են եռամսյակը մեկ, և ամեն ինչ պարզ կլինի միայն մոտ մեկ ամսից՝ ապրիլի կեսերին։
Այնինչ, տարբեր մեկնաբաններ՝ հիմնվելով սեփական դիտարկումների վրա, մոտավորապես նույն թիվն են հրապարակում. 50 հազար ռուսաստանցի այն օրվանից, երբ Մոսկվան որոշեց սկսել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Շա՞տ է, թե՞ քիչ այդ ենթադրյալ 50 հազարը։
Շատ-շատ է, պնդում են մասնագետները, բացատրելով՝ եթե վերցնենք բնակչության հարաբերակցությունը, կստացվի, որ Հայաստանի համար 50 հազարն ավելի մեծ թիվ է, քան մեկ միլիոն սիրիացի ներգաղթյալները, որոնց ընդունել է Գերմանիան 2015 թվականին, երբ Թուրքիան բացեց սահմանները՝ առաջացնելով տեղահանվածների զանգվածային հոսք դեպի Եվրոպա։
Սակայն բոլոր համեմատություններն, ինչպես հայտնի է, կաղում են։ Շատերն անկեղծորեն փաստում են՝ ախր Հայաստան եկածները բոլորովին նման չեն Եվրոպան 7 տարի առաջ ողողած փախստականներին, որոնց այդպես էլ հրաժարվեցին ընդունել Եվրամիության որոշ երկրներ։
Մարտի 2-ից սկսած ՀՀ բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել. ԿԲ
Մեզ մոտ ժամանածները հիմնականում մեդիա մասնագետներ են, այսպես կոչված՝ այթիշնիկներ, ծրագրավորողներ, դիզայներներ։ Նրանք շարունակում են առցանց աշխատել ռուսաստանյան կամ արևմտյան ընկերություններում, հարկեր են մուծում և փող են ծախսում Երևանում՝ ինչ-որ չափով նպաստելով մեր տնտեսության զարգացմանը։ Ո՞ր մի պետությունը չէր երազի հենց այսպիսի, կներե′ք, փախստականներ ընդունել։
Իհարկե, որոշ վերլուծաբաններ ենթադրություն են անում, որ ռուսաստանցիներից շատերի համար Երևանը պարզապես տարանցիկ կետ է, որտեղից նրանք գնալու են Թբիլիսի, Ստամբուլ, միգուցե նույնիսկ Եվրամիություն։ Սակայն մոսկվացի լրագրող Ալեքսեյ Վոլոշինովն այսպես է ներկայացնում իր տպավորությունները։ Մեջբերեմ.
«Եկածների մի զգալի մասը մտադիր է մնալ Հայաստանում, որովհետև այդ երկիրն իրենց դուր է գալիս։ Շատերի հետ եմ զրուցել։ Ոմանք, իհարկե, միանգամայն հստակ քաղաքական համոզմունքներ ունեն, բայց կան նաև ռուսաստանցիներ, որոնց համար նույնիսկ սոցիալ-քաղաքական պայմանները նշանակություն չունեն։ Գլխավորը աշխատանքն ու անվտանգությունն են։ Այդ մարդկանց համար Երևանը հաստատ վերջնակետ կդառնա»։
Բայց եթե նույնիսկ ռուսաստանցին որոշի տեղափոխվել Թբիլիսի, դժվար թե պայմաններն այնտեղ շատ ավելի բարենպաստ լինեն, քան Երևանում։ Մեզ մոտ, ըստ մասնագետների, վարձով տրվող բնակարանների գներն աճել են մոտ 30 տոկոսով։ Թբիլիսիում, պատմում են ականատեսները, էլիտար թաղամասերում տան վարձակալությունն առաջ արժեր ամիսը 600-700 դոլար, հիմա 1500 դոլարից պակաս բնակարան չես գտնի։
Մենք, իհարկե, օր ու գիշեր դատապարտում ենք մեր հայրենակիցների ագահությունը, այնինչ, թե′ Երևանում, թե′ Թբիլիսիում բնակարանը վարձով հանձնողները բոլորովին այլ պատճառ են վկայակոչում, և եկածներին ասում են. «Ախր դուք մի երկու ամսից աշխատանք եք ճարելու եվրոպաներում ու թողեք գնաք, բա մենք ինչպե՞ս ենք նոր վարձակալներ գտնելու»։
Բայց ընդհանրապես բոլորովին վատ չէր լինի, եթե Ռուսաստանից եկածներին, այսպես ասած, կթելու փոխարեն, կարողանայինք գոնե մի դաս քաղել նրանց վարքագծից։ Ախր, շատ լավ բան են անում՝ միանգամից ինտերնետային խմբեր են ստեղծում ու սկսում միմյանց օգնել օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ՝ որտե՞ղ ճարել համեմատաբար էժան բնակարան, ո՞ր բանկում հաշիվ բացել, ինչպե՞ս աշխատանք գտնել այս կամ այն ոլորտում, նույնիսկ՝ ո՞ր ժամերին է բաց այս կամ այն թանգարանը։ Մենք՝ հայերս էլ ենք տասնյակ հազարներով տեղափոխվում արտասահման, երբևէ նման բան կազմակերպե՞լ ենք։ Կներե′ք, երբեք ոչ տեսել եմ, ոչ էլ լսել, չնայած ոմանք պնդում են, որ կան այդպիսի հայկական խմբեր։ Հավատանք։