Արցախը ծանրագույն վիճակում է, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի․ պատգամավորի կոչը

Արցախի ԱԺ պատգամավորը կոչով դիմել է հայությանը` ասելով, որ Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` կոչով դիմելով ՀՀ և համասփյուռ մեր հայրենակիցներին։
Հայտնել էինք, որ մարտի 8-ից Հայաստանից Արցախ մտնող գազի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով մինչ այսօր Արցախը զրկված է գազամատակարարումից։
Հակոբյանի խոսքով` ՀՀ իշխանությունները թե՛ իրենց գործողություններով, թե՛ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից։ Ուստի, Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:
«Հայեր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ, և անտարբերությամբ ու ամենաթողությամբ իրականում կզրկվենք մեր հայրենիքից: Այն, ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի՝ դիմելով ձեզ, խնդրում եմ օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը»,–գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները տեղյակ են խնդրի մասին և բանակցում են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։