Ապատեղեկատվություն է. ՊՆ–ն պարզաբանել է Սյունիքում ադրբեջանական ԶՈւ–ի առաջխաղացման լուրը

ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են, գրում է «Արմենպրեսը»։
«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից:
Նշվում է, որ ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում են իրենց առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈւ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։
Ավելի վաղ Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ։
Նա նշել էր, որ ադրբեջանցի զինվորականները նախկինում տեղակայված են եղել խորհրդային տարիների սահմանագծի երկայնքով, իսկ այժմ նրանք առաջ են շարժվել՝ դիրքավորվելով հին գյուղի մոտ, որտեղ գյուղի ներկայիս արոտավայրերն են ու խմելու ջրի աղբյուրը։