Ադրբեջանի ԶՈւ–ն առաջ է եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ

Ներքին Հանդ գյուղ. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով՝ ադրբեջանցի զինծառայողներն առաջացել են ՀՀ տարածքում 800-1000 մետրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Հայաստանի տարածքում` Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ։
Պաշտոնապես այս տեղեկությունները ո՛չ հաստատվել և ո՛չ էլ հերքվել են։
Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցի զինվորականները նախկինում տեղակայված են եղել խորհրդային տարիների սահմանագծի երկայնքով, իսկ այժմ նրանք առաջ են շարժվել՝ դիրքավորվելով հին գյուղի մոտ, որտեղ գյուղի ներկայիս արոտավայրերն են ու խմելու ջրի աղբյուրը։
«Երևի 20-25 հոգի են»,- ասաց Բաղդասարյանը։
Գյուղի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիային պատմեց, որ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք` գյուղի նախկին սահմանային դիրքի և գյուղի գերեզմանատան հատվածում` 800-1000 մետրով։
«Գյուղի խմելու ջուրը այնտեղից է գալիս, վտանգի տակ է, չգիտենք՝ ինչ անենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` ադրբեջանցիներն առաջ են եկել մարտի սկզբին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր Արցախում. ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։