ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ կենտրոնական բանկը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։
«Տվյալ պահին բանկն աշխատանքներ է տանում բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել փոխանցումներ և վճարումներ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։
Միաժամանակ, ԿԲ–ն հիշեցնում է, ՎՏԲ-Հայաստան բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, դրանից բացի, բանկին ամբողջությամբ հասանելի են կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները:
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։