Շփման գծի կուտակումների մասին տեղեկությունները իրական չեն. Արցախի ԱԽ

Քարվաճառ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը։
Նշվում է, որ տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:
«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղոևրդագրության մեջ:
Արցախի ԱԽ գրասենյակից կրկին հորդորում են հանրությանը զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնել էր, որ մարտի 13-ին` օրվա ընթացքում և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։
Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր` ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։