ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իտալական «Ռոման» երկու տարվա նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, գրում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը, սակայն, պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը։ Իտալական մամուլի տվյալներով` այժմ նրա տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Ավելի վաղ Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը հայտնել էր, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։
Ըստ նրա` Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Տեղեկություններ կան, որ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները հնարավոր գործարքը քննարկելու համար արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Նշվում էր, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ քիչ հավանական է, որ Մխիթարյանը տեղափոխվի Ռուսաստան. այլընտրանքային տարբերակ կարող է լինել MLS տեղափոխվելը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի և «Ռոմայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը։