ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հերթական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարտի 14-ի ցերեկը ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար» ՏԲ-2»,- ասել է նա։
Կոնաշենկովն անդրադարձել է նաև Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների թեմային։ Նրա խոսքով` ռուս զինվորականները գիտեն Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների գտնվելու վայրը, նրանց հարվածներ են հասցվելու դիպուկ հարվածներով, վարձկանների նկատմամբ ներողամտություն չի լինելու` անկախ նրանից, թե Ուկրաինայի որ հատվածում են նրանք գտնվում։
«Արևմտյան մի շարք երկրներ պետական մակարդակով խրախուսում են, որ իրենց քաղաքացիները որպես Ուկրաինայի վարձկաններ մասնակցեն ռուսական զորքերի ստորաբաժանումների դեմ ռազմական գործողություններին։ Այդ քաղաքացիների մահվան ողջ պատասխանատվությունը կրում են միայն այդ երկրների ղեկավարները»,- ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։