Քաղցրաշեն գյուղի մի քանի տան ծորակից կապույտ ջուր է հոսել. նախնական պատճառը պարզ է

Ջրի նման գույն ստանալու հստակ պատճառը պարզ կդառնա վաղը, երբ պատրաստ կլինեն լաբորատոր փորձաքննության պատասխանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տան ծորակներից նախորդ օրը կապույտ ջուր է հոսել։
Մարտի 13-ին դեպքի վայր են գնացել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, որոնք վերցրել են փորձանմուշներ` հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը նշեց, որ նախնական տեղեկություններով` ջրի կապույտ գույն ստանալը կապված է պղնձարջասպի օգտագործման հետ։
«Նախնական տվյալներով` այդ գյուղի փողոցներից մեկի մի քանի տան ծորակներից կապույտ ջրի հոսելը կապված է պղնձարջասպի հետ, որը բաշխիչ ցանց է ներթափանցել։ Այդ տներից մի փոքր վերև գտնվող 3 այլ տան բնակիչները բողոք չեն ունեցել և ջուրն էլ մաքուր է եղել։ Պարզվել է, որ այդ ընտանիքներն ամբողջ գյուղի համար ավանդաբար զբաղվում են պղնձարջասպի հեղուկ (գարնանն այս հեղուկով իրականացվում է ծառերի և խաղողի թփերի ախտահանում – խմբ.) պատրաստելով»,– նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ այդ անձինք հեղուկը պատրաստում են տակառի մեջ, որտեղ ռետինե խողովակներով ջուր են լցնում իրենց անհատական ջրագծերից։ Ընկերության մամուլի խոսնակի կարծիքով` հավանաբար նրանցից մեկն անուշադրության արդյունքում ռետինե խողովակը ժամանակին դուրս չի հանել ջրագծից։
Բարեբախտաբար, մարդկանց ոչինչ չի պատահել, քանի որ ոչ ոք չի օգտագործել այդ ջրից։
Նրա խոսքով` վերջնական և հստակ պատասխանները հայտնի կդառնան վաղը` մարտի 15-ին, երբ պատրաստ կլինեն լաբորատոր ուսումնասիրության պատասխանները. աշխատանքները դեռևս շարունակվում են։
Իրավապահ մարմինները նույնպես քննություն են իրականացնում դեպքի մանրամասները պարզելու համար։