Կամ պետք է վերադարձնել դատավորների մակագրման նախկին համակարգը, կամ ստեղծել նորը. նախարար

Կարեն Անդրեասյան. Արխիվային լուսանկար
ՀՀ արդարադատության նախարարի պնդմամբ` ոչ մի խելամիտ իրավաբան դեռևս նորմալ լուծում չի առաջարկել համակարգի խափանման խնդրի լուծման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հատուկ հանձնարարականներ է տվել տարբեր մասնագետների մտածել դատավորների մակարգման համակարգի խափանման խնդրին լուծում տալու մասին։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մի կողմից չենք կարող միջամտել քրեական գործին ու ասել, որ արագացնեն, բայց մյուս կողմից էլ Բարձրագույն դատական խորհուրդն ու դեպարտամենտն են այս ամենի տերն ու պատասխանատուն։ Մենք էլ ենք որպես նախարարություն մտահոգվում, բայց հենց առաջին իսկ օրերին, երբ եղան այս զարգացումները, հատուկ հանձնարարականներ են տվել, որպեսզի մտածեն` կա՞ որևէ այլընտրանքային լուծում, թե ոչ։ Որևէ խելամիտ իրավաբան, ում հետ ես խորհրդակցել եմ նորմալ լուծում չի տալիս»,– շեշտեց Անդրեասյանը։
Նախարարը մտածում է` կա՛մ պետք է վերադարձնել նախկին համակարգը` նույնիսկ թերություններով հանդերձ, կա՛մ ստեղծել նորը, կա՛մ փորձել գոյատևել ձեռքով մակագրման ձևով։ Անդրեասյանն ընդգծեց նաև, որ դատավորների մակագրման նոր համակարգի ներդրումը գուցե և տարիներ տևի։
Նախարարի խոսքով` ներկայում ամեն ինչ արվում է, որ ինտենսիվ մտածեն մակարգման նոր համակարգ ստեղծելու մասին։
ԲԴԽ–ն կոչ է անում զերծ մնալ դատավորներին պիտակավորելուց
Նշենք, որ համակարգն ավելի քան կես տարի խափանված է և համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ։ Դատական գործերի էլեկտրոնային, այսինքն` համակարգչի միջոցով մակագրման ձևը դադարեց գործել, երբ նախորդ տարվա ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի և կառավարման բանալիները, ինչից հետո գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ այբբենական կարգով։
Դատավորների ավտոմատ մակագրման համակարգում արտաքին միջամտության փաստով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան` կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ։