ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ 2 078 121 պատվաստում է կատարվել։ Մասնավորապես, առաջին դեղաչափով պատվաստվել է 1 100 161 անձ, իսկ ամբողջապես պատվաստված է 947 156 անձ։
Հավելենք, որ 28 497 անձ էլ բուստեր է ստացել։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ–ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022թ–ի մարտի 2–ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: