ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր կայացած հանդիպման ընթացքում համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդում նախագահող ֆրանսիական առաքելությունը։
«Մշտական ներկայացուցիչները, միջազգային գործընկերների հետ համաձայնեցմամբ, հաստատել են պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որոնք ուղղված են այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ ագրեսիային, ինչպես նաև ռուսական տնտեսության մի շարք ոլորտներին», - նշված է Twitter-ում հրապարկված հաղորդագրության մեջ:
Մշտական ներկայացուցիչները նաև համաձայնեցրել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումը՝ պահանջելով կասեցնել Բելառուսի անդամակցության թեկնածության քննարկումը:
Հիշեցնենք` փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։