Էդմոն Մարուքյանը նոր պաշտոն է ստացել

Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը Մարուքյանին առաջարկել է ներգրավվել Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,–նշված է փաստաղթղթում։
Մարուքյանը գրառում է արել Facebook–ի իր էջում` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում։

«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա:

Դիվանագիտական ծառայության մասին օրենքի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:
Հիշեցնենք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Ջավադյանը (նշանակվել էր 2020թ. հունիսի 16–ին)։
Հատուկ հանձնարարություններով դեսպաններ են եղել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը (1993-2018թթ.), ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը (1993-95թթ.), ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը (1997-98թթ.), ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը (2010-18թթ)։
Ինչ վերաբերում է Մարուքյանին, ապա նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն է։ ԼՀԿ-ն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց, բայց անցողիկ շեմը չհաղթահարեց։