ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները և Չինաստանը անկախ միջազգային արժութաֆինանսական համակարգի նախագիծ կմշակեն։
Նման պայմանավորվածություն են ձեռք բերել «ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի արժութաֆինանսական և տնտեսական համագործակցության նոր փուլ։ Գլոբալ վերափոխումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով տնտեսական երկխոսության մասնակիցները։ Այն որը տեղի է ունեցել մարտի 11-ին տեսակոնֆերանսի ռեժիմով:
Նախատեսվում է, որ համակարգը հիմնված կլինի նոր միջազգային արժույթի վրա, որը կհաշվարկվի որպես մասնակից երկրների ազգային արժույթների ու բորսայական ապրանքների գների ինդեքս: Առաջին նախագիծը քննարկման կդրվի մինչև մարտի վերջ։
ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևն ընդգծել է, որ Չինաստանն աշխարհում առաջինն է անցել ազգային տնտեսության վերականգնման փուլին:
«Հաշվի առնելով ընդհանուր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք կապված են համաշխարհային տնտեսության դանդաղեցման ու ԵԱՏՄ երկրների և Չինստանի հանդեպ սահմանափակող միջոցների հետ, մեր երկրները պետք է ակտիվացնեն գործնական համագործակցությունը ինչպես կանոնավոր փորձագիտական երկխոսությունների, այնպես էլ համատեղ միջոցառումների ու նախագծերի մակարդակով», – ասել է նախարարը:
Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև էներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, բորսայական ապրանքների առևտրի ոլորտում ԵԱՏՄ-ի ու ՉԺՀ-ի համագործակցության գործնական ասպեկտները, ինչպես նաև արտաքին տնտեսական ճնշումներին երկրների ադապտացման միջոցառումները:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: